Ենովք Արմէն
Արմէն Ենովք (10 Նոյեմբեր 1885, Էֆքէրէ - 6 Մայիս 1968, Մարսէյլ), գրագէտ, լրագրող եւ մշակութային գործիչ։
Ենովք Արմէն | |
---|---|
| |
Ծնած է | 10 Նոյեմբեր 1883 |
Ծննդավայր | Էֆքերե, Կեսարիա, Թուրքիա[1][2] |
Մահացած է | 6 Մայիս 1968[1][2] (84 տարեկանին) |
Մահուան վայր | Մարսէյլ[1][2] |
Քաղաքացիութիւն | Ֆրանսա |
Ազգութիւն | Հայ[1][2] |
Ուսումնավայր |
Ազգային Կեդրոնական Վարժարան[1] Ռոպերթ Գոլէճ[1] |
Մասնագիտութիւն | գրագէտ, լրագրող, մշակութային գործիչ |
Աշխատավայր | Մասիս[1] |
Կ.Պոլիս փոխադրուած է շատ փոքր տարիքին։ Իր նախակրթութիւնը ստացած է թաղային վարժարաններուն մէջ։ 1896-ին յաճախած է Ազգ. Կեդրոնական վարժարան եւ ապա Ռոպէրթ Գոլէճ, որուն շրջանը աւարտելէ ետք նուիրուած է գրականութեան։ «Բիւրակն» շաբաթաթերթի օգնական խմբագիր եղած է 1901-1905-ին, միեւնոյն ատեն աշխատակցելով «Արեւելք»ի, «Մասիս»ի եւ «Արեւելեան Մամուլ»ի։ 1906-1908-ին «Մասիս»ի խմբագրապետ եղած է, իսկ 1909-ին խմբագրած է «Չէզոք» շաբաթաթերթը։ 1909-1910-ին հրատարակած է «Առաւօտ» օրաթերթը:
Պահ մը հեռանալով գրական ասպարէզէն, 1910-ին ստանձնած է Մերսինի Ազգ. «Պարթեւեան» վարժարանին տնօրէնութիւնը եւ ապա Ատաբազարի Ազգ. Կեդրոնական վարժարանին մէջ ուսուցիչ եւ տնօրէն եղած է մինչեւ 1915 տեղահանութիւնը:
1915-ին Քէոթահիա կը տարագրուի, ուրկէ տարի մը ետք Պոլիս կ'անցնի ծպտուած։
1918-1919-ին խմբագրական պաշտօններ կը վարէ։ 1919-ին Պոլսոյ Հայ Կարմիր Խաչի տնօրէն կ'ընտրուի եւ կը վարէ այդ պաշտօնը մինչեւ 1922։ Այդ տարի Պոլսէն Պառի (Իտալիա) անցնելով կը հիմնէ«Ընկերութիւն Իտալ Հայ Արեւելեան Գորգերու» հաստատութիւնը: Երկու տարի գործելով կ'արտադրէ Իտալիոյ ամէն կողմը մեծապէս գնահատուած արեւելեան գորգեր: Այնուհետեւ «Franco-Orient» արեւելեան գորգի ընկերութեան Իւզէսի (Uzés) գորգի աշխատանոցի տնօրէնութեան կոչուած է, հոն գործելով 1925-1930 թուականներուն։
1931-ին Մարսէյլի մէջ հիմնած է արագատիպ մեծ մամուլով եւ արդիական ամէն կատարելագործութիւններով օժտուած առաջին հայկական տպարանը:
Անդամակցած է Մարսէյլի Ս. Թարգմանչաց Մայր Եկեղեցիի կրօնական ընկերակցութեան, ինչպէս նաեւ Հ. Բ. Ը. Միութեան մասնաճիւղի վարչութեան իբրեւ ատենադպիր:
Վերոյիշեալ լրագիրներէն զատ, Ենովք Արմէն աշխատակցած է նաեւ «Մանզումէ-ի-Էֆքեար»ի, «Ծաղիկ»ի, «Բիւզանդիոն»ի, «Ազատամարտ»ի, «Վերջին Լուր»ի, «Նոր Օր»ի, «Յառաջ»ի, «Ապագայ»ի, «Հայ Սիրտ»ի (Մարսէյլ), «Անահիտ»ի, «Պայքար»ի, «Մշակ»ի, «Վերածնունդ»ի, «Հայաստանի Կոչնակ»ի եւ ուրիշ զանազան թերթերու, ինչպէս նաեւ տարեցոյցներու:
Ենովք Արմէն հեղինակած է հետեւեալ հատորները. «Կինը», «Թրքահայ գրականութիւնը մամուլի ազատութեան թուականին», «Ազգ. Սահմանադրութիւն», «Վեղարաւոր սատանան», «Արշակ Չօպանեան»։ Թարգմանած է ամերիկացի դեսպան Հենրի Մորկընթաուի յուշերը (1919) եւ «Մղձաւանջ» հատորը։
Աղբիւրներ Խմբագրել
- Հայ Հանրագիտակ, Մկրտիչ Վարդ. Պոտուրեան, էջ 291-292:
- Հայկ Գարագաշի «Պարսկահայ Տարեցոյց»ը 1920 էջ 204-205։
- Ալպօյաճեան՝ «Հայ Կեսարիա» էջ 2040-2042։
- Ենովք Արմէն, Կինը (Պատմուածքներ), Կ. Պոլիս, տպարան Ծաղիկ (Սագաեան), 1906։
- Վեղարաւոր սատանան։ [ Մաղաքիա Օրմանեանին ], Արմեն Ենովք, Ա. տ.: Ա. հ, 1908։
- Ենովք Արմէն, Ազգային սահմանադրութիւնը եւ Ազգային երեսփոխանական ժողովը։ Ձօնուած հայ ժողովուրդին, Կ. Պոլիս, տպագրութիւն Արշակ Կարոյեանի, 1908։
- Ենովք Արմէն, Թրքա-հայ գրականութիւնը մամուլի ազատութեան թուականին, Կ. Պոլիս, տպարան Շանթ, 1909։
- Նուրի Ճէլալ, Մղձաւանջ, վէպ համիտեան կեանքէ, թարգմանեց Ենովք Արմէն, Կ. Պոլիս, տպ. Օննիկ Բարսեղեան եւ որդի, 1911։
- Ենովք Արմէն, Հայ նոր բանաստեղծները։ Ա. Հրանտ Նազարեանց, Կ. Պոլիս, Տպագր. Վ. եւ Հ. Տէր-Ներսէսեան, 1911։
- Ենովք Արմէն, Արշակ Չօպանեան։ Կեանքը եւ գրական ու հասարակական գործունէութիւնը։ (Լէքչըր՝ խօսուած՝ Ատա-Բազար՝ Հայուհեաց Վարժարանի եւ Պարտիզակ՝ Ամերիկեան Բարձր. Վարժարանի (1912) մեջ), Կ. Պոլիս, տպարան Ռ. Սագաեան, 1913։
- Լօյտ Ճօրճի հռչակաւոր ճառը եւ Հայկական խնդիրը անգլիական խորհրդարանին մէջ, թարգմ. Ենովք Արմէն, Կ. Պոլիս, Տպագրութիւն Ա. Կարօեան, 1918։
- Լօյտ Ճօրճի հռչակաւոր ճառը եւ Հայկական խնդիրը անգլիական խորհրդարանին մէջ, թարգմ. Ենովք Արմեն, երկրորդ տպագրութիւն, Կ. Պոլիս, տպարան Օննիկ Արզուման, Պ. Պալենց գրատան հրատարակութիւն, 1919։
- Ամերիկեան դեսպան Մր. Մօրկընթաուի յիշատակները եւ հայկական եղեռնին գաղտնիքները, թարգմ. Ենովք Արմէն, Կ. Պոլիս, Օննիկ Արզուման, 1919։
- Ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուի հուշերը և հայկական եղեռնի գաղտնիքները։ Ֆաքսիմիլային հրատարակություն, թարգմ. Ենովք Արմէն, Երևան, «Լույս», 1990։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — է. 167.