«Հայ Ժողովրդական Առածներ, Ասացուածքներ եւ Հանելուկներ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «Առածները, ասացվածքները և հանելուկները ժողովրդական կենդանի խոսակցական լեզվով հորինված բանահյուս...»:
(Տարբերութիւն չկայ)

14:08, 31 Մայիս 2020-ի տարբերակ

Առածները, ասացվածքները և հանելուկները ժողովրդական կենդանի խոսակցական լեզվով հորինված բանահյուսական բանաձևային ասույթներ են: Առածները և ասացվածքները բաղկացած են առնվազն երկու բառից՝ որոշակի թեմա և իմաստ արտահայտող։ Դրանք ժողովրդի դարավոր կենսափորձից բխող սեղմ ու պատկերավոր, իմաստալից ընդհանրացումներ են սոցիալական կյանքի, մարդկային բարքերի ու կենցաղի ամենաբազմազան երևույթների վերաբերյալ։

Առածը այլաբանական ստեղծագործություն է, որի բուն իմաստն արտահայտվում է անուղղակի, սիմվոլիկ – միջնորդավորված ձևով («Հավը կածի, ուրուրը կտանի»), մինչդեռ ասացվածքը իրականությունը դրսևորում է անմիջապես, ուղղակի («Օրենքը հարուստի համար է, պատիժը՝ աղքատի»)։

Առած – ասացվածքները հաճախ ծագում են առակներից, դառնում նրանց բարոյախրատական իմաստի բանաձևված ընդհանրացումը։

Հանելուկը հայ բանահյուսության և գրականության հնագույն տեսակներից է, գրական մշակմամբ վկայված է V և հետագա դարերից, արձակ, չափածո մեկ կամ մի քանի տողերից կազմված սեղմ բանաձև է, մեծ մասամբ՝ հարց։ Հորինվածքը բաղկացած է երկու միմյանց պայմանավորող մասերից՝ գուշակման ենթակա հանելուկի առարկայից և հանելուկի բանաձևից։

Խոր հնադարում ունեցել է լայն կիրառություն, իբրև մարդու մտավոր հասունությունն ու հնարամտությունը փորձելու, աշխարհաճանաչման միջոց՝ հետագայում վերածվել է մտավարժության, իսկ մեր օրերում՝ մանկական ժամանցի։ Հանելուկներում պահպանվել են վաղնջական շատ առասպելաբանական պատկերացումներ, տնտեսական, կենցաղային հնօրյա իրողությունների հիշատակներ, որով դրանք ձեռք են բերում պատմամշակութային կարևոր արժեք։

Հայ բանահյուսության բանաձևային կայուն տեսակների մեջ են մտնում հնչյունախաղերի վրա կառուցված շուտասելուկները, մանկական հանգավոր բառախաղ ասելուկները, խաղերգերը (հաճախ երկխոսական), փաղաքշանքի, սպառնալիքի, հիշոց-հայհոյանքի բանաձևերը և դարձվածքները։