Մանկությա՜ն օրեր, երազի նման
Անցաք գնացիք, այլ չէք դառնալու.
Ո՜հ դուք երջանիկ, ո՜հ անհոգ օրեր,
Ընդունակ միայն ուրախացնելու։
Ձեզանից յետոյ եկաւ գիտութիւն
Իւր ծանր հայեացքով աշխարհի վերայ,
Ամէն բան ընկաւ մտածութեան տակ,
Րոպէ չմնաց ազատ կամ ունայն։
Գիտակցութիւնը յաջորդեց սորան.
Ազգի վիճակը ծանրացաւ սրտիս...
Ապոլլօն տուեց ինձ իւր քնարը,
Որպէս փարատիչ տրտում ցաւերիս։
Աւա՜ղ. այդ քնարն իմ ձեռքում հնչեց
Նոյնպէս լալագին, նոյնպէս վշտահար,
Ինչպէս իմ սիրտն էր, իմ զգացմունքը.
Ուրախացուցիչ չգտայ մի լար։
Ես այն ժամանակ միայն զգացի,
Որ այդ ցաւերից ազատուելու չեմ,
Որչափ իմ ազգս կը մնայ ստրուկ
Օտարների ձեռք, անխօս, տխրադէմ։
Մանկութեա՜ն օրեր, ինչո'ւ այդպէս շուտ
Թռաք գնացիք, անդարձ յաւիտեան.
Ես այն ժամանակ անհոգ ու ազատ
Կարծում էի ինձ աշխարհի իշխան։
Գերութեան շղթան ինձ զգալի չէր,
Եւ ոչ բռնութեան անգութ ճանկերը.
Ձեզանից յետոյ ծանրացան նոքա,
Ո՜հ, անիծում եմ ես այս օրերը։
Լո'ւռ կաց, դու քնար, այլ մի' հնչեր ինձ,
Ապոլլօն, հե'տ առ դարձեալ դու նորան,
Տո'ւր մի այլ մարդու, որ ընդունակ է
Զոհ բերել կեանքը սիրած աղջկան։
Ես պիտի դուրս գամ դէպ հրապարակ
Առանց քնարի, անզարդ խօսքերով.
Ես պիտի գոչեմ, պիտի բողոքեմ,
Խաւարի ընդդէմ պատերազմելով։
Ներկայ օրերում այլ ի'նչ սեւ քնար,
Սուր է հարկաւոր կտրճի ձեռքին.
Արի'ւն ու կրա'կ թշնամու վերայ,
Այս պիտի լինի խորհուրդ մեր կեանքին։
Թո'ղ պատգամախօսը, հնացած Դելֆի,
Իւր եռոտանու վերայ փրփրի.
Թո'ղ միջին դարու գաղափարներով
Ամբոխը խաբել ճգնի աշխատի։
Թո'ղ նա թարգմանէ զրպարտութիւնը,
Թո'ղ մխիթարուի ծովի ափերում,
Մենք ազատութեան ենք միայն թարգման,
Միայն այս խօսքս ունինք բերանում։
"Ո'վ հայր, ո'վ դու հայր, որ երկնքումն ես,
Խնայիր թշուառ մեր անտէր ազգին.
Մի' տար զոհ գնալ թշնամիների".
Նա այլ չէ լսում դելֆեան հարցուկին։