Էտկար Յովհաննէսեան
Էտկար Սերգէյ Յովհաննէսեան, հայ երգահան, ՀԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ (1962), ՀԽՍՀ (1972) եւ ԽՍՀՄ (1986) ժողովրդական արուեստագէտ։ Երաժշտութեան հեղինակն է «Երեւան-Էրեբունի», «Սարդարապատ» եւ այլ երգերու:
Կենսագրութիւն
ԽմբագրելԷտկար Յովհաննէսեանը երաժշտական կրթութիւն ստացած է Երեւանի Ալեքսանտր Սպենդիարեանի անուան երաժշտական դպրոցէն ներս, Ռոմանոս Մելիքեանի անուան ուսումնարանին մէջ։ 1953 թուականին, աւարտած է Երեւանի երաժշտանոցը, դասատու ունենալով Գրիգոր Եղիազարեանը), իսկ 1957 թուականին՝ Մոսկուայի երաժշտանոցի «ասպիրանտուրա»-ն, ղեկավար ունենալով՝ Արամ Խաչատուրեանը։ 1962-1968 թուականներուն եղած է Ա. Սպենդիարեանի անուան օփերայի եւ Պալետի թատրոնի տնօրէն, 1970-1974 թուականներուն՝ Հայկական ժողովրդական երգի-պարի համոյթի գեղարուեստական ղեկավար, 1979-1984 թուականներուն՝ ՀՀ հեռուստատեսութեան եւ ռատիոյի քամերային երգչախումբի գեղարուեստական ղեկավար, 1986-1991 թուականներուն՝ Կոմիտասի անուան երաժշտանոցի տնօրէն։
Էտկար Յովհաննէսեանը եղած է ՀԽՍՀ Գերագոյն Խորհուրդի պատգամաւոր (1963-1971) եւ ԽՍՀՄ ժողովրդական պատգամաւոր (1989-1991)։
Ստեղծագործութիւն
ԽմբագրելԷտկար Յովհաննէսեան հայ երաժշտութեան զարգացման նպաստած է՝ նոր, համարձակ եւ ստեղծագործ լուծումերով։ Անոր ստեղծագործութեան ներշնչման աղբիւրը հանդիսացած է ժողովուրդը, անոր պատմութիւնն ու արդի կեանքը, որոնք ներկայացուցած է խստաշունչ վիպականութեամբ, հերոսականութեամբ, սուր տրամայով, նուրբ քնարականութեամբ եւ հոգեբանական-փիլիսոփայական կերպարներով։ Հովհաննէսեանի ստեղծագործութեան մէջ կարեւոր տեղ ունին պալետները։ 1950-ական թուականներու կէսերուն, քամերային-գործիքային երկերուն զուգահեռ, ան գրած է «Մարմար» պալետը (1957, երաժշտական ստեղծագործութեան գրական հիմքը՝ լիպրետտոն Յովհաննէս Ղուկասեանի (գրող), Ի. Արպատովի, Վ. Վարքովիցկիի՝ հիմք դնելով երաժշտական թատերարուեստին։ Պալետին մէջ, ժողովրդական երաժշտութեան աւանդոյթներու օգտագործումը կը վկայէ պալետային երաժշտութեան մէջ սեփական երաժշտալեզուի իր կողմէ հաստատումը։
«Երկնագոյն Նոքտիւռն» (1964, լիբրետտոն՝ Վ. Շահնազարեանի) մէկ գործողութեամբ պալետը տրամայի առնչութեամբ ունի կուռ կառուցուածք։ «Յաւերժական Կուռք»-ի (1966, լիբրետտոն՝ Մանուկ Մնացականեանի) բովանդակութեան առանցքը չարի ու բարիի պայքարն է, ազնուութեան ու հաւատարմութեան մեծարումը: «Մշտնջենական Սիրոյ» գովերգումը՝ հեթանոսականի ու առասպելականի ինքնատիպ միաձուլումն է։ Երաժշտութեան ռիթմիկ սուր ու ընդգծուած գծանկարը առաւել պատկերաւոր է հարուածային եւ պղնձեայ փողային գործիքներու միասնութեան շնորհիւ։ «Անտունի»-իի մէջ (1969, լիբրետտոն՝ Մ. Մարտիրոսեանի) ան օգտագործած է Կոմիտասի մշակած ժողովրդական մեղեդիները, զարգացուցած է չափի նուրբ զգացումով եւ գործիքաւորած է երաժշտաբեմական արուեստի ժամանակակից մօտեցումներուն համահունչ։ Էտկար Հովհաննէսեանը խորհրդային շրջանի հայ երաժշտութեան մէջ առաջիններէն է, որ անդրադարձած է պալետ-օփերայի ժանրին: Բազմաժանր համադրական ստեղծագործութեան ցայտուն օրինակ է «Սասունցի Դաւիթ» (1976) պալետ-օփերան, որուն երաժշտաբեմական բարդ հիւսուածքը պայմանաւորուած է պարողներու, մեներգողներու, ասմունքողի եւ երգչախումբի փոխ-գործակցութեամբ։ «Դիմակահանդէս» պալետ-ստեղծագործութեան մէջ, հեռու մնալով ոճաւորումէ՝ Յովհաննէսեանը ձգտած է արտայայտչամիջոցներու ողջ համակարգը ենթարկել Արամ Խաչատուրեանի ինքնատիպ ոճին, որովհետեւ ըստ Միխայէլ Յ. Լերմոնտովի «Դիմակահանդէս» տրամայի համար Արամ Խաչատուրեանը գրած է երաժշտութիւն։ «Ճանապարհորդութիւն Դէպի Արզրում» օփերան (ըստ Ալեքսանտր Ս. Պուշկինի, 1987) մեծածաւալ, գեղարուեստական բարձրարժէք գործ է։ Յովհաննէսեանի քամերային եւ սիմֆոնիկ ստեղծագործութիւնը յատկանշուած է բարոյափիլիսոփայական ընդհանրացումներով։ Լայնախոհութիւնը, տինամիզմը, ազգային լեզուի նորացումը բնորոշ են դաշնամուրային կուինտետին (1955), սիմֆոնիաներուն (1957, 1983, 1984), «Գողթան» (1993) սիմֆոնիկ պոեմին, «Գրիգոր Նարեկացի» (1995) օրատորիային, կուարտետներուն (1950, 1958, 1964, 1981), թաւջութակի սոնատ-էպիտաֆիային (1975), քամերային նուագախումբի կոնցերտ-պարոկկոյին (1984)։ Սիմֆոնիկ եւ քամերային երկերուն մէջ աւանդական ցիկլային ձեւերը զուգակցած են Արեւելքի երաժշտութիւնը բնորոշող արձակ-պատմողականութեան (սիմֆոնիա, կուարտետ № 2, թաւջութակի մենանուագ սոնատ)։ Հայ ժողովրդական երաժշտական մշակոյթի տարբեր շերտերուն անդրադառնալը Յովհաննէսեանի ստեղծագործութեան մէջ, որպէս կանոն, իմաստաւորուած է երկի որոշակի բովանդակութեամբ (Աւետիք Իսահակեանի խօսքերով ժողովրդական երգերու օգտագործումը բանաստեղծին նուիրուած թիւ 2 կուարտետին մէջ, «Կռունկ» երգը՝ «Անտունի» պալետին մէջ, «Սասունցի Դաւիթ» էպոսի երգուող հատուածները՝ համանուն պալետ-օփերային մէջ, միջնադարեան «Հաւիկ» տաղի սիմֆոնիկացումը դարձուցած է երաժշտաբեմական ընդարձակ պատումի՝ սիմֆոնիայի հիմք։ Ազգային խմբերգային գրականութեան մէջ երաժշտաթեքնիկական եւ հոգեբանական կերպարային կարեւոր նիւթ են Յովհաննէսեանի խմբերգները (ժողովրդական երգերու հիման վրայ՝ 40, Վահան Տէրեանի խօսքերով՝ 20): Վոքալ-սիմֆոնիկ եւ խմբերգային երկերուն յատուկ է լայնաշունչ մեղեդիականութիւնը։ Գրած է նաեւ «Երկու Ափ» պոեմը (1952, ցիկլ)՝ ա-քապելլա երգչախումբի համար, «Էրեբունի-Երեւան» (հետագային՝ Երեւան քաղաքի օրհներգ), «Սարդարապատ»[1] (երկուքին խօսքերն ալ՝ Պարոյր Սեւակի), «Արփա-Սեւան» (խօսք՝ Յ. Սահակեանի) երգերը, նուրբ քնարական ռոմանսներ (ըստ Վահան Արամունիի «Գիշեր էր կէս» եւ այլն), կինոերաժշտութիւն («Պատուի Համար», 1956, «Հիւսիսային Ծիածան», 1960, «Արտակարգ Յանձնարարութիւն», 1965, «Կամոյի Վերջին Սխրանքը», 1973, «Յուսոյ Աստղ» («Մխիթար Սպարապետ», 1978) եւ այլն)։
Յովհաննէսեանի նախաձեռնութեամբ Երեւանի օփերայի եւ պալետի թատրոնին մէջ իրականացուած են շարք մը ներկայացումներ (Իկոր Ֆ. Ստրաւինսկիի «Էտիփ», Լ. Բեռնստայնի «Վեստսայդեան Պատմութիւն», Ռիչըրտ Վաքների «Տան Յոյզեր» եւ այլն)։ Նպաստած է Հայաստանի ժողովրդական երգի-պարի անսամպլի մասնագիտական մակարդակի բարձրացման եւ երգացանկի հարստացման։ Հիմնադրած է հայկական հեռուստառատիոյի քամերային երգչախումբը: Կազմակերպած է քամերային երաժշտութեան փառատօններ։ Հեղինակած է հրապարակախօսական եւ արդի հայ երաժշտութեան զարգացման վերաբերող յօդուածներ։
Պարգեւներ
Խմբագրել- «Պատուոյ Նշան» շքանշան
- «Աշխատանքի գերազանցութեան Համար» մետալ, 1956 թ.[2]
- ՀԽՍՀ պետական մրցանակ, 1967 թ.
- ԽՍՀՄ պետական մրցանակ, 1979 թ.
- Երիտասարդութեան եւ ուսանողներու համաշխարհային փառատօնի դափնեկիր, (Մոսկուա, 1957)
- Արամ Խաչատուրեանի անուան մրցանակ, 1984
- Տիտոկրատի պատուաւոր քաղաքացի
- Երեւանի պատուաւոր քաղաքացի, 1998
Ֆիլմեր
Խմբագրել- 1993 - Աղէտ
- 1978 - Յուսոյ Աստղ
- 1973 - Կամոյի Վերջին Սխրանքը
- 1972 - Հայկական Որմնանկարներ
- 1970 - Կրակոց Սահմանին
- 1969 - Պայթիւն Կէս Գիշերէն Յետոյ
- 1968 - Մարդը Ապրում Էր
- 1966 - Մեր Քաղաքի Մարդիկ (Կինոալմանախ)
- 1966 - Աւտօ Աւտոմեքենայ
- 1965 - Արտակարգ Յանձնարարութիւն
- 1961 - Գիշերային Ուղեւոր (Կարճամետրաժ)
- 1961 - Ճանապարհ
- 1960 - Հիւսիսային Ծիածան
- 1960 - Կոչուած Են Ապրելու
- 1960 - Սպունգներու Որսորդներ
- 1956 - Պատուի Համար[3]
Պատկերասրահ
Խմբագրել-
Էտկար Յովհաննէսեանի յուշատախտակը Դիլիջանի երգահաններու ստեղծագործական տան մէջ
-
Էտկար Յովհաննէսեանի յուշատախտակը Երեւանի մէջ
Մատենագիտութիւն
Խմբագրել- «Կեանքս Յուշերում», կազմ.՝ Ծ. Մովսիսեան, Ե., 1998:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «SARTARABAD - KOHAR | ՍԱՐԴԱՐԱՊԱՏ - ԳՈՀԱՐ | Live in Lebanon 2015 - YouTube»։ www.youtube.com։ արտագրուած է՝ 2020 թ․ դեկտեմբերի 21
- ↑ «ЭДГАР ОГАНЕСЯН» (ռուսերեն)։ kino-teatr.ru։ արտագրուած է՝ 2022-11-16
- ↑ «ЭДГАР ОГАНЕСЯН» (ռուսերեն)։ kino-teatr.ru։ արտագրուած է՝ 2022-11-16
Գրականութիւն
Խմբագրել- Գասպարեան Ի., Էտկար Յովհաննէսեան, Երեւան, 1969
- Մովսիսեան Ծ., Էտկար Յովհաննէսեանի քամերային-գործիքային եւ սիմֆոնիկ ստեղծագործութիւնները, Ե., 2012:
- Генина Л., Эдгар Оганесян, М., 1959
- Тигранов Г., Армянский музыкальный театр, кн. 3, Е., 1975.