Գէորգ Դ․ Կոստանդնուպոլսեցի
Գէորգ Դ․ Կոստանդնուպոլսեցի (Քերեսթեճեան, 5 Յուլիս 1813[1], Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1] - 6 Դեկտեմբեր 1882[1], Վաղարշապատ, Երեւանի նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1]), Ամենայն Հայոց կաթողիկոս 1866-էն։ Յաջորդած է Մատթէոս Ա․ Կոստանդնուպոլսեցիին[2]։ Անոր աճիւնը ամփոփուած է Մայր Տաճարին բակին մէջ։
Գէորգ Դ․ Կոստանդնուպոլսեցի | |
---|---|
| |
Ծնած է | 5 Յուլիս 1813[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1] |
Մահացած է | 6 Դեկտեմբեր 1882[1] (69 տարեկանին) |
Մահուան վայր | Վաղարշապատ, Երեւանի նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1] |
Կրօնք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Մասնագիտութիւն | հոգեւորական |
Վարած պաշտօններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս[1] |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Կոստանդնուպոլիս։ 1827-1829 թուականներուն սորված է Գում Գափուի պատրիարքականի ժառանգաւորաց վարժարանը, ուր աշակերտած է նշանաւոր մտաւորական պատուելի Գրիգոր Փեշտիմալճեանին։ 1830-ին պատրիարք Կարապետ Պալաթեցիի կողմէն նշանակուած է պատրիարքարանի փոխանորդարանի քարտուղար։
1834-ին ստացած է սարկաւագութեան աստիճան, 1835-ին ձեռնադրուած է Կ. Պոլսոյ Ս. Աստուածածին, Ս. Խաչ եւ Ս. Յարութիւն եկեղեցիներու քարոզիչ[3]։ Անոր ջանքերով ստեղծուած է Կ. Պոլսոյ առաջին հայկական եկեղեցական երգչախումբը։
1841-ին արժանացած է ծայրագոյն վարդապետի աստիճանի։ 11 Յուլիս, 1848-ին Ամենայն Հայոց կաթողիկոս՝ Ներսէս Ե․ Աշտարակեցիի ձեռամբ ձեռնադրուած է եպիսկոպոս։ 17 Հոկտեմբեր, 1858-ին Արեւմտահայոց ժողովի կողմէն ընտրուած է Կ. Պոլսոյ պատրիարք (1858-1860), մասնակցած Ազգային Սահմանադրութեան մշակման։ 17 Սեպտեմբեր, 1866-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի, հրաւիրուած ժողովին կողմէ միաձայն ընտրուած է Ամենայն Հայոց կաթողիկոս։ Օծումը տեղի ունեցած է 21 Մայիս 1867-ին։
Գործունէութիւն
ԽմբագրելԳէորգ Դ․ կաթողիկոսը ծաւալած է շինարարական լայն գործունէութիւն։ 1868-ին Մայր Տաճարի արեւելեան կողմը կառուցած է կցաշէնք, ուր կազմակերպած է եկեղեցապատմական թանգարան։ Նորոգել տուած է Սուրբ Գայիանէ վանքը, այնտեղ կառուցած արեւմտեան կամարակապ դարպասը, կառուցած է Մայր Աթոռի միաբաններու բնակելի շէնքերը, Բիւրականի կաթողիկոսական ամառանոցը, վերակառուցած է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին եւ այլն։
1874-ին հիմնած է Գէորգեան ճեմարանը[4], ապա՝ Էջմիածինի թանգարանը[5]։ Կաթողիկոսը հետեւողական աշխատանքներ կատարած է հայկական բոլոր եկեղեցիներու մէջ՝ միակերպ ժամերգութիւն մտցնելու ուղղութեամբ։ Անոր ջանքերով ստեղծուած են «Ձայնագրեալ երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի» (1874), «Ձայնագրեալ Շարական հոգեւոր երգոց» (1875), «Ժամագիրք» (1877), «Ձայնագրեալ քաղուածք օրհնութեանց» (1882) գիրքերը։
Եղած է լաւ շարականագէտ եւ կազմակերպած է հայկական ձայնագրութեան նոր (Հ. Լիմոնճեանի ստեղծած) համակարգի ուսուցումն ու տարածումը։ Գէորգ Դ․ Կոստանդնուպոլսեցին ժամանակակիցներու կողմէն արժանացած է «Մեծագործ» պատուատիտղոսին։
Կաթողիկոսական գահին՝ Գէորգ Դ․ Կոստանդնուպոլսեցիին յաջորդած է Մակար Ա․ Թեղուտցին։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի»[permanent dead link]
- ↑ «Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքութիւն»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-08-07-ին։ արտագրուած է՝ 2016-12-14
- ↑ «December 21, 1917 - Closure of the Kevorkian Lyceum»(անգլերէն)
- ↑ «Museum of the Treasury of Holy Etchmiadzin»(անգլերէն)