Աղթամար կղզի
38°20′30″N 43°02′08″E / 38.3417°N 43.0356°E
![]() | ||
Կոորդինատներ | 38°20′30″N 43°02′08″E / 38.3417°N 43.0356°E | |
Մակերես | 0,7 կմ2 | |
Երկայնք | 43.0355556 քմ | |
Լայնք | 38.3416646 քմ | |
Ամենաբարձր կետը | 1,912 մ | |
Աղթամարը Վանայ լիճի ներկայիս չորս կղզիներէն (միջնադարեան շրջանին Վանայ լճի կղզիներու թիւը 7 էր) ամէնանշանաւորն է։ Կը գտնուի Վանայ լճի հարաւ-արեւելեան մասին մէջ։
Ընդհանուր ՏեղեկութիւններԽմբագրել
Աղթամարը կը գտնուի Ովկիանոսի մակարդակէն 1662-1912մ բարձրութեան վրայ։ Ամէնաբարձր կետը Բարձր-Քարն է (1912մ)։ Տարածութիւնը՝ մոտ 0.7քմ², հեռաւորութիւնը ցամաքէն՝ 3-3.5քմ։ Ափերու ընդհանուր երկարութիւնը՝ մօտ 4քմ։ Արեւմուտքէն Աղթամարին մօտ է Առտեր կղզին։ Աղթամարի հարաւային եւ հարաւ-արեւմտեան ափերը ժայռոտ են, երբեմն՝ զառիթափ (լճի մակարդակէն 200-250մ բարձր)։ Առաջացած է չորրորդական ժամանակաշրջանին մէջ։ Կազմուած է կրաքարերէ եւ աւազաքարերէ։ Մթնոլորտային տեղումները՝ մինչեւ 500մմ։ Հիմնականին մէջ ծածկուած է տափաստանային բուսականութեամբ։ Ծառածածկոյթին մէջ կը գերիշխեն թփուտները եւ նշենիները։ Քաղցրահամ ջուրի աղբիւրները բացակային։ Կը գտնուի այժմեան Թուրքիոյ տարածքին վրայ, մեզի համար Արեւմտեան Հայաստան։
Այլ անուանումներԽմբագրել
Հնագոյն ժամանակներուն Աղթամար կղզին կը կոչուի Այիտուս[1]։
ՊատմութիւնԽմբագրել
Կղզիին անուանումը եկած է հին հայկական դիցաբանութեան հերոս Թամարի անունէն։ Այդ դիցաբանութեան հիման վրայ հայ մեծանուն գրող Հովհաննէս Թումանեան գրած է իր Ախթամար բանաստեղծութիւնը։ Աղթամար կղզին Վասպուրականի բնակչութեան սրտաձիգ վայրն եղած է Աղթամար կղզին, վասն զի Հոն Հաստատուած էր նոյն աշխարհի կաթողիկոսարանն իր Ս. Խաչ վանքովը: Աղթամար շատ ապառաժոտ կղզի է եւ զուրկ բուսականութենէ, սակայն Վանայ լճի մակերեսէն քանի մը հարիւր ոտնաչափ բարձր ըլլալով՝ ամառ ատեն զով օդ ունի եւ կը փնտռուի օդափոխութեան հաճելի վայր:
Հաւանօրէն Աղթամար Հին դարերուն ցամաքի հետ միացած էր (Մուրճ, 1902, էջ 181---187) ու ետքէն բաժնուած եւ ջրերու հարուածներու լափումներու հետեւանքով նոյն իսկ պզտիկցած (Բիւզանդիոն, 1901, Թ. 1505) :
Աղթամարի անունը դեռ կարելի չէ եղած ճշդիւ ստուգաբանել : Ոմանք զայն կը մեկնեն «յաղթուած կամ յաղթող Մարաց», ուրիշներն Աղ կամ Ախղ՝ ժողովուրդ, Թամար՝ դառնութիւն === ժողովուրդ դառնութեան» (Բաղմավէպ, 1897, էջ 150 --- 152) : Իսկ Վասպուրականի ժողովուրդն իր պարզութեամբը եւ բանաստեղծական աւիւնովը կ’երգէ սէրը զոյգի մը եւ կ’ողբայ մահը դժբախտներու : Այս անանուն կղզիին վրայ Թամար անունով գեղեցիկ աղջիկ մը կ’ապրէր : Նա սիրահարուած էր Վռշիկ (Ռշտունի) ազնուականին, որ ամէն գիշեր լողալով անոր այցելութեան կու գար ու կ’երթար :
Փոթորկալից գիշեր մը Վռշիկ կրկին ծով կը նետուի Թամարին երթալու համար, սակայն յուղուած ալիքները կը ձգտին խափանել անոր սիրոյ ճամբան : Նա ամէն ճիգ կը թափէ կղզին հասնելու համար, սակայն անկարող կ’ըլլայ եւ «Ա՜խ Թամար , Թամար» հեծեծելով իր վերջին շունչը կու տայ : Անդիէն՝ կղզեակին վրայէն սիրատենչիկ աղջիկը այս տխուր պատկերն սրտի դառն ցաւով ականատես կ’ըլլայ եւ ինքն ալ ախ ու վախով կը մեռնի : Այդ տխուր արկածէն ի վեր կղզին Աղթամար կը կոչուի (Արաքս,1898, էջ 70---72, Բազմավէպ, 1897, էջ 150---152 եւ Լումայ, 1896, Բ., էջ 111---112) :
Դարեր յառաջ այս կղզին Ռշտունիներու կը վերաբերէր : Հոն Բարզափրան Ռշտունին Հրեաներ կը բնակեցնէ, իսկ Թէոդորոս Ռշտունին Է. դարուն զայն բերդերով եւ պարիսպներով կ’ամրացնէ : Հ. Չամչեան (Պտմ. Հայոց Բ., էջ 355) կը գրէ՝ «Սա (Թէոդորոս) ըստ գրելոյ Ասողկայ եւ Վարդանայ... շինեաց վանս ի նմա», մինչ Հ. Էփրիկեան (Բազմավէպ, 1897, էջ 155) ասոր հակառակ կ’արտայայտուի ըսելով «Թէոդորոս Ռշտունւոյ կղզւոյս վրայ վանք շինելու յիշատակութիւն չկայ Ասողիկի եւ Վարդանայ մօտ» եւ այնպէս կը համարի թէ «վանք» պէտք է բնակարան իմաստով առնուլ (անդ, էջ 156---157), դարձեալ նոյն հայրը կը հակառակի Saint-Martinի (Memoires historiques… I, էջ 140) որ կ’ըսէ թէ՝ 653-ին Թէոդորոս ԱղԹամարի վրայ վանք մը շինած ըլլայ : Սակայն Սամուէլ Անեցիի այն արտայայտութենէն թէ «Ի Տէր Եղիայէն Էառ զԱղԹամար Գագիկ եւ ետ նմա զԻլի» Հ. Էփրիկեան կը խորհի թէ Գագիկէն յառաջ ԱղԹամարի մէջ «Մենաստան մը սկսեր է լինել» (Անդ էջ 156) : Իսկ Գագիկ Արծրունի կղզին ամրացնելէ զանազան շինութիւններով օժտելէ յետոյ կը սկսի Ս. Խաչ վանքի եւ եկեղեցւոյ շինութիւնը --- 915-ին :
ՊատկերասրահԽմբագրել
ԳրականութիւնԽմբագրել
- Թովմա Արծրունի, Պատմութիւն Տանն Արծրունեաց, ՍՊԲ, 1887
- Լալայան Երեւան, Վասպուրական. նշանաւոր վանքերը, Թ., 1912
- Орбели И.А., Памятники армянского зодчества на острове Ахтамар, Избр. труды, т.1, М., 1968
- Der-Nersessian S., Aghtamar, Cambridge, 1965
- Ispirogly M., Die Kirche von Achtamar, B.-Meinz, 1963