Հայաստանեայց առաքելական եկեղեցւոյ Արցախի թեմ, կազմաւորուած է 1989-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգէն Ա. Պալճեանի կոնդակով։ Առաջնորդանիստը՝ Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցի։ Կը ներառէ ԼՂՀ տարածքը եւ յարակից հայկական շրջանները։

Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցի:
Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցին՝ գիշերը:

Պատմութիւն

Խմբագրել

Հայաստանի մէջ քրիստոնէութիւնը պետական կրօն հռչակուելէ ետք (301), ըստ աւանդութեան, Արցախի մէջ առաջին վանքը Դ. դարուն սկիզբը հիմնադրած է Ս. Գրիգոր Լուսաւորիչը` Ամարաս աւանին մէջ։ Վանքին կառուցումը աւարտած է իր թոռը` Արցախի առաջին եպիսկոպոս Գրիգորիսը (թաղուած է նոյն վանքին մէջ)։ Արշակունիներու հարստութեան անկումէն (428) ետք Արցախն ու Ուտիքը (461-էն, երբ մտած են Աղուանից մարզպանութեան մէջ), Լփինքի, Բաղասականի եւ Մազքթաց աշխարհին հետ միասին կազմած են Հայաստանեայց առաքելական եկեղեցւոյ վեհապետական իրաւունքները ճանչցող Աղուանից կաթողիկոսութիւնը` Կապաղակ, Պարտաւ, ապա` Ամարաս, Գանձասար կեդրոններով։ ԺԸ. դարու վերջը կաթողիկոսութիւնը ունեցած է 1736, իսկ ԺԹ. դարու սկիզբը՝ 1311 գործող եկեղեցիներ եւ վանքեր։

Վանքերուն (Հոռեկա, Երիցմանկանց, Մեծառանից Ս. Յակոբայ եւ այլն) կից գործած են դպրանոցներ։ Մեսրոպ Մաշտոց առաջին դպրոցը բացած է Ամարասի մէջ (Դ. դարուն)։ 1800-ին Գանձասարի մէջ բացուած է հոգեւոր դպրոց մը։ Կիւլիստանի պայմանագիրով (1813) Ղարաբաղ Ռուսաստանի կազմին մէջ մտնելէ ետք, կայսերական հրովարտակով 1815-ին Աղուանից կաթողիկոսութիւնը վերածուած է մետրոպոլիտութեան՝ Շամախի եւ Ղարաբաղի թեմերով։ 1838-1920-ին Շուշիի մէջ գործած է թեմական դպրոց մը։ 1830-ական թուականներուն վերջը Ղարաբաղի տարածքին եղած են հայկական 25 եկեղեցական դպրոցներ։ 1850-ական թուականներուն վերջը եւ 1860-ական թուականներուն սկիզբը եկեղեցական-ծխական դպրոցներ բացուած են նաեւ Ամարասի, Գանձասարի, Երիցմանկանց եւ Գտիչ վանքերուն մէջ։ 1860-70-ական թուականներուն Ղարաբաղի թեմին մէջ գործած է եկեղեցական-ծխական 30 դպրոց։ 1930-ին թեմը դադրած է գործելէ։

Արցախի թեմի տարածքին կը գտնուին հոգեւոր մշակութային կեդրոններ Ամարասի վանքը (Դ. դար), Հոռեկավանքը (Ե. Դար), Մեծառանից Ս. Յակոբավանքը (Ե. Դար), Գանձասարի վանքը, Եղիշէ Առաքեալը, Դադիվանքը, Խաթրավանքը, Գտչավանքը (հինգն ալ՝ ԺԳ. դար), Կատարովանքը (Ժ. դար), ինչպէս նաեւ՝ Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ (ԺԹ. դար) եւ Ս. Յովհաննէս Մկրտիչ (Կանաչ ժամ, ԺԹ. դար) եկեղեցիները եւ այլն[1]։

Թեմի տարածքին գործող եկեղեցիները

Խմբագրել

Թեմի տարածքին գործող եկեղեցիներն են՝ Ասկերանի մէջ` Ս. Ստեփանոսը (Ժէ. դար), Ս. Աստուածածինը (ԺԸ. դար), Հադրութի մէջ` Սպիտակ Խաչը, Ս. Յարութիւնը (երկուքն ալ՝ ԺԷ. դար), Մարտակերտի մէջ` Գանձասարի վանքի Ս. Յովհաննէս Մկրտիչը (ԺԳ. դար), Ս. Յովհաննու Կարապետը, Ս. Աստուածածինը (երկուքն ալ` ԺԹ. դար), Մարտունիի մէջ` Ամարասի վանքի Ս. Գրիգորիսը (Դ. դարու սկիզբ), Շուշիի մէջ` Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչը, Ս. Յովհաննէս Մկրտիչը (Կանաչ ժամ կամ Ղարաբաղցոց) (երկուքն ալ՝ ԺԹ. դար), Քաշաթաղի մէջ` Ս. Համբարձման եւ Ստեփանակերտի Ս. Աստուածածինը (նորակառոյց): Կը կառուցուին Մարտունիի մէջ՝ Ս. Ներսէս Մեծ, Քաշաթաղի շրջանին մէջ՝ Սրբոց Նահատակաց եկեղեցիները։

1993-94-ին Արցախի թեմին մէջ գործած է դպրեվանք մը։ 1990-95-ին թեմի հովանիին ներքեւ բացուած են «Գթութիւն» բարեգործական միութիւնը եւ ծերանոց մը։ 1990-էն ետք կը գործէ «Եկեղեցասիրաց եղբայրակցութիւն» կազմակերպութիւնը։ 1994-ին Երեւանի մէջ հիմնուած է Արցախի թեմի «Գանձասար» աստուածաբանական կեդրոնը (կից կը գործէ տպարան մը)։ Թեմը զգալի դեր խաղացած է արցախահայութեան ազգային-հոգեւոր զարթօնքի, ԼՂՀ ազատագրման եւ պետականութեան ամրապնդման գործին մէջ։

Արցախի թեմի առաջնորդն է Պարգեւ Արք. Մարտիրոսեանը (1989-էն)։

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. «Արցախի թեմ | armenianreligion.am»։ www.armin.am։ արտագրուած է՝ 2020-10-15 [permanent dead link]