Վահան Փափազեան
Վահան Փափազեան (Կոմս, 1876, Թաւրիզ, Իրան - 1973, Պէյրութ, Լիբանան), հայ ազատագրական շարժման առաջնորդ եւ Հ․Յ․Դ․-ի ականաւոր ներկայացուցիչ։
Վահան Փափազեան | |
---|---|
| |
Նաեւ յայտնի է իբրեւ | Goms եւ Կոմս |
Ծնած է | 1876 |
Ծննդավայր | Թաւրիզ, Իրան |
Մահացած է | 1973 |
Մահուան վայր | Պէյրութ, Լիբանան |
Քաղաքացիութիւն |
Իրան Օսմանեան Կայսրութիւն Լիբանան |
Ազգութիւն | Հայ[1] |
Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ, դիւանագէտ, ֆետայի |
Վարած պաշտօններ | Օսմանեան կայսրութեան պատգամաւորներու պալատի անդամ. |
Կուսակցութիւն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Թաւրիզ: Նախնական ոսումը կը ստանայ Նոր Նախիջեւան, ուր կը յարի Դաշնակցութեան: Կը յաճախէ Մոսկուայի եւ Սեն Փեթերսպուրկի համալսարանները: Հ․Յ․Դ․ գործիչ, արհեստով` լուսանկարիչ:
Կը գտնուի Ժընեւ, ուր Քրիստափորի առաջարկով, Երեւանէն Նիկոլ Դումանի հետ կ'անցնի Վան` բանտարկուած Վարդգէսը փոխարինելու եւ իբրեւ գործիչ կազմակերպելու շրջանը եւ կապ պահելու արտասահմանին հետ: Կը հսկէ Կովկասէն Վան ռազմամթերքի փոխադրութեան գործին: Կը վարէ կռիւներ Վասպուրականի մէջ:
Սահմանադրութեան շրջանին, կ՚ընտրուի Վանի երեսփոխան: Կը գործէ Մուշի մէջ, ուրկէ Եղեռնի օրերուն, Ռուբէնի հետ կը յաջողի անցնիլ Կովկաս: Իբրեւ Կովկասի Հայ Բարեգործական Ընկերութեան ներկայացուցիչ կը վերադառնայ ազատագրուած Վան:
1919-ին մաս կը կազմէ Փարիզի Ազգային Պատուիրակութեան: Կը մասնակցի Հ․ Յ․ Դաշնակցութեան Թ. Ընդհանուր ժողովին, Երեւան: Ռիկայի (Լեհաստան) մէջ տեղի ունեցող բանակցութիւններուն, բոլշեւիկներուն հետ, կը մասնակցի իբրեւ Հ․Յ․Դ․ լիազօր: Հետագային Դաշնակցութեան անունով կը գործակցի Թուրքիոյ քիւրտ ապստամբներուն հետ:
1947-ին կ'անցնի Լիբանան. գրի կ'առնէ իր յուշերը ու կը գրէ «Խոնարհ հերոսներ» շարքը: Կը մահանայ Պէյրութ, 1 Հոկտեմբեր 1973-ին:
Աղբիւրներ
Խմբագրել- Վահան Փափազեան. «Իմ յուշերը», հատոր Ա., Պոսթըն, 1950, 600 էջ։
- Վահան Փափազեան. «Իմ յուշերը», հատոր Բ., Պէյրութ, 1952, 610 էջ։
- Վահան Փափազեան, «Իմ յուշերը», հատոր Գ., Գահիրէ, 1957, 432 էջ։
- Կոմս, «Խոնարհ հերոսներ», գիրք Ա., Պէյրութ, 1950, 96 էջ, Թեհրան, 1982, 77 էջ։
- Կոմս, «Խոնարհ հերոսներ», գիրք Բ., Պէյրութ, 1956, 95 էջ, Թեհրան, 1982, 94 էջ։
- Կոմս, «Խոնարհ հերոսներ», գիրք Գ., Պէյրութ, 1956, 95 էջ, Թեհրան, 1982, 94 էջ։
- Կոմս, «Խոնարհ հերոսներ», գիրք Դ., Թեհրան, 1983, 140 էջ։
- Կոմս, «Խոնարհ հերոսներ», գիրք Ե., Թեհրան, 1983, 90 էջ։
- ↑ Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'hui — Maisons-Alfort: 2021. — P. 461. — ISBN 978-2-905686-93-0