Ծատուր Աղայեան
Ծատուր Պաուելի Աղայեան (12 Յունուար 1912, Փիփ - 3 Դեկտեմբեր 1982, Երեւան) պատմաբան, պատմական գիտութիւններու դոկտոր (1948):
Կենսագրութիւն
ԽմբագրելԾատուր Աղայեան ծնած է երկրագործի ընտանիքի մէջ։ 1917-ին Աղայեաններու ընտանիքը տեղափոխուած է Շամխորի շրջանի Գոլիցինօ (այժմ՝ Մարտունի) գիւղը։ 1930-ին աւարտելով Գեանջայի (Գանձակի) մանկավարժական ուսումնարանը, ուսուցչական աշխատանքի անցած է Շամխորի շրջանի Մարտունի, Ջաղիր եւ Չարդախլու գիւղերու դպրոցներուն մէջ։
Աւարտած է Երեւանի հեռակայ մանկավարժական հիմնարկը (1936, էքստեռն), Մոսկուայի Ն. Չեռնիշեւսկիի անուան պատմա-փիլիսոփայան հիմնարկը (1938)։ 1954-1961 եւ 1977-1979` ՀԽՍՀ ԳԱ Պատմութեան հիմնարկի նոր պատմութեան բաժինի վարիչ, 1949-1952 եւ 1969-1973` ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտութիւններու «Տեղեկագիրի» (1966 թուականէն՝ «Լրաբեր») խմբագիր, 1951-1954` ՀԿԿ կենտկոմի գիտութեան եւ մշակոյթի բաժինի վարիչ, 1961-1968` ԽՄԿԿ կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի հիմնարկի հայկական մասնաճիւղի տնօրէն, 1968-1977` ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտութիւններու բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 1979-1982` Երեւանի պետական համալսարանի ԽՄԿԿ պատմութեան ամպիոնի վարիչ։ 1963-1971 եղած է ՀԽՍՀ ԳԽ պատգամաւոր[3]։
Գործունէութիւն
ԽմբագրելԱղայեանի գործերը հիմնականին մէջ կը վերաբերէին Անդրկովկասի եւ Հայաստանի մէջ յեղափոխական շարժման, հայ-ռուսական յարաբերութիւններուն եւ Հայաստանի խորհրդային կարգերու հաստատման։
«Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմութիւնից» (1976) մենագրութեան մէջ տրուած է հայ ժողովուրդի ազգային-ազատագրական շարժման պատմութիւնը ԺԹ. դարու 70-ական թուականներէն մինչեւ 1920, առանձին գլուխներ նուիրուած են 1877-1878ի ռուս-թրքական պատերազմէն ետք հայկական հարցի սկզբնաւորման պատմութեան, Պերլինի համաժողովէն (1878) ետք ազգային-ազատագրական պայքարի վերելքին, 1915-ի հայոց ցեղասպանութեան, 1919-1921-ի Կիլիկիոյ դէպքերուն, ժողովրդական հերոս Անդրանիկ Օզանեանի գործունէութեան եւ այլն։ «Հոկտեմբերը եւ հայ ժողովրդի ազատագրական պայքարը» (1982) աշխատութեան մէջ այլ հարցերու շարքին մէջ քննարկած է 1918-1920 հայ ժողովուրդի դիմադրութիւնը թուրք յարձակողներուն Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսէի ճակատամարտերուն ընթացքին, անոնց նշանակութիւնը, լուսաբանած է Խորհրդային Ռուսիոյ եւ Հայաստանի Հանրապետութեան փոխյարաբերութիւնները եւ այլն։ Հայ ժողովուրդի ազգային ազատագրական պայքարի, խորհրդա-հայկական, խորհրդա-թրքական հարցերը Աղայեան արծարծած է ըստ հայ խորհրդային պատմագրութեան մէջ մինչեւ 1980-ական թուականներու կէսը իշխող տեսակէտին, բացասական գնահատական տուած է 1920-ի Սեւրի հաշտութեան պայմանագիրին, անտեսած է 1918-ի հայկական պետականութիւնը, Հայաստանի Հանրապետութեան վերականգնման նշանակութիւնը եւ այլն։
Երկեր
Խմբագրել- Հոկտեմբերեան յեղափոխութիւնը եւ հայ ժողովրդի ազատագրումը, Երեւան, 1957, 407 էջ։
- Արշաւիր Մելիքեան, Երեւան, 1969։
- Բալկանները եւ Օսմանեան կայսրութեան ճնշուած ժողովուրդների ազգային - ազատագրական պայքարի միասնութիւնը, Երեւան, 1970:
- Вековая дружба народов Закавказья, ч.1-4, Е., 1970-80
- Գեհենից վերածնունդ, Երեւան, 1975:
- Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմութիւնից, Երեւան, 1976:
- Ռուսիայի դերը հայ ժողովրդի պատմական ճակատագրին մէջ, Երեւան, 1981։
- Հոկտեմբերը եւ հայ ժողովրդի ազատագրական պայքարը, Երեւան, 1982:
- Հայ ժողովրդի պատմութեան նկարազարդ ակնարկներ, Երեւան, 1989:
- Հայերը Թուրքիայում, Երեւան, 1994:
- Անդրանիկ. իրադարձութիւններ, դէպքեր եւ դէմքեր, Երեւան, 1995:
Պարգեւներ
ԽմբագրելԾատուր Աղայեան պարգեւատրուած է «Աշխատանքային կարմիր դրօշ» եւ «Պատուոյ նշան» շքանշաններով, ինչպէս նաեւ շարք մը մետալներով ու պատուոյ գիրերով։
Գրականութիւն
Խմբագրել- Ծատուր Աղայեան. կենսամատենագիտութիւն, Ե., 1983։
Աղբիւրներ
Խմբագրել- Ն. Վ. Թաւաքալեան, «Ծատուր Աղայեան», Պատմաբանասիրական հանդէս,1, 1982, էջ 229-230
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1. — է. 123.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
Այս յօդուածի կամ անոր մէջ որոշակի յատուածի սկզբանական տարբերակը վերցուած է «Հայկական Հարց» Հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են Քրիեյթիւ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |