Գարեգին Բ. Կիլիկիոյ, Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Գարեգին Ա. (27 Օգոստոս, 1932, Քեսապ - 29 Յունիս, 1999, Վաղարշապատ, Հայաստան) աշխարհիկ անունով՝ Նշան Սարգիսեան), Հայ Առաքելական Եկեղեցւոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս 1983-1994 եւ Ամենայն հայոց 131-րդ Կաթողիկոս 1995-1999:
Գարեգին Բ. Կիլիկիոյ, Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս | |
---|---|
| |
Ծնած է | 27 Օգոստոս 1932[1] |
Ծննդավայր | Քեսապ, Լաթաքիոյ Գաւառ, Լաթաքիոյ մարզ, Սուրիա |
Մահացած է | 29 Յունիս 1999[1] (66 տարեկանին) |
Մահուան վայր | Վաղարշապատ, Արմաւիրի մարզ, Հայաստան |
Քաղաքացիութիւն | Սուրիա |
Կրօնք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Ուսումնավայր | Օքսֆորտի Համալսարան |
Մասնագիտութիւն | քահանայ |
Վարած պաշտօններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս եւ Կիլիկիոյ կաթողիկոս |
Կենսագրութիւն
ԽմբագրելԱւազանի անունով՝Նշան Սարգիսեան, ծնած է Սուրիոյ Քեսապ գիւղաքաղաքը։
Նախնական կրթութիւնը ստացած է Քեսապի Ուսումնասիրաց միացեալ վարժարանին մէջ, ապա ուսումնառութիւնը շարունակած է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Դպրեվանքին մէջ (1946–1952)։
- 1949-ին սարկաւագ ձեռնադրուած է:
- 1952-ին՝ կուսակրօն քահանայ, վերակոչուելով Գարեգին աբեղայ՝ ի յիշատակ Կիլիկիոյ կաթողիկոս Գարեգին Ա. Յովսէփեանի եւ դարձած Կիլիկիոյ միաբանութեան ուխտի անդամ։
- 1955-ին պաշտպանելով վարդապետական աւարտաճառը «Հայաստանեայց Եկեղեցւոյ աստուածաբանութիւնը ըստ հայ շարականներու» թեմայով՝ ստացած է վարդապետական աստիճան։ Նոյն թուականին պաշտօնավարած է Դպրեվանքին մէջ՝ որպէս ուսուցիչ եւ վերակացու:
- 1956-ին ստանձնած է Դպրեվանքի տեսուչի պաշտօնը։
- 1957-1959 թուականներուն Գարեգին վարդապետ ուսումնառութիւնը շարունակած է Օքսֆորտի համալսարանին մէջ՝ աւարտաճառ ներկայացնելով «Քաղկեդոնի ժողովը եւ Հայ եկեղեցին» (հրտ. 1965, Անգլիա, ունեցած է շարք մը վերահրատարակութիւններ) խորագիրով գործը, ստացած գրականութեան պսակաւոր աստիճան։
- 1960-ին կրկին ստանձնած է Դպրեվանքի տեսուչի պաշտօնը։
- Աստուածաբանութեան, գրականութեան, պատմութեան եւ մշակութային թեմաներով դասախօսած է ՀԲԸՄ Դարուհի Յակոբեան երկրորդական վարժարանին, Պէյրութի Համազգայինի Նշան Փալանճեան ճեմարանին, Պէյրութի Ամերիկեան համալսարանին եւ շարք մը եկեղեցիներու մէջ[2]:
- 1963-ին ստացած է ծայրագոյն վարդապետի աստիճան:
- 1964-ին ձեռնադրուած է եպիսկոպոս:
- 1973-ին իրեն շնորհուած է արքութեան պատիւ եւ տիտղոս։
- 1971-1973 թուականներուն վարած է Կիլիկիոյ կաթողիկոսութեան Սպահանի (Նոր Ջուղա) թեմը
- 1973-977 թուականներուն՝ Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան նահանգներու եւ Քանատայի թեմի առաջնորդի պաշտօնը։
- 2 Մայիս 1977-ին, Խորէն Ա. Բարոյեանի կաթողիկոսութեան շրջանին, ընտրուած է Մեծի Տանն Կիլիկիոյ աթոռակից կաթողիկոս:
- 1983-ին, ընտրուած է Մեծի Տանն Կիլիկիոյ Գարեգին Բ. կաթողիկոս։
- 1992-էն եղած է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուներու խորհուրդի անդամ։
- 4 Ապրիլ 1995-ին Վազգէն Ա. Կաթողիկոսի վախճանումէն ետք, Ազգային-Եկեղեցական Ժողովը Մեծի Տանն Կիլիկիոյ Գարեգին Բ. Կաթողիկոսը ընտրած Է Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս: Գահակալութեան հանդիսութիւնը տեղի ունեցած է 9 Ապրիլին, Ծաղկազարդի տօնին, Էջմիածինի Մայր Տաճարին մէջ: Եղած է ՀՀ ԳԱԱ պատուաւոր անդամ, աշխարհի շարք մը կրօնական ու գիտական հաստատութիւններու եւ համալսարաններու պատուաւոր դոկտոր։
- Գարեգին Ա. Ամենայն Հայոց Հայրապետ մահացած է 29 Յունիս 1999-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածինի մէջ։
Եկեղեցական գործունէութիւն
Խմբագրել1960-ին ստանձնելով Դպրեվանքի տեսուչի պաշտօնը՝ Գարեգին վարդապետ, իբրեւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ներկայացուցիչ, գործուն մասնակցութիւն ունեցած է միջ-եկեղեցական շարք մը համագումարներու եւ ժողովներու, Եկեղեցիներու համաշխարհային խորհուրդի (ԵՀԽ) միջ-եկեղեցական համաժողովներու։
Մեծ է անոր աւանդը 1965-ին Ատիս Ապապայի մէջ (Եթովպիա) Արեւելեան ուղղափառ քոյր եկեղեցիներու պետերուն համաժողովին կազմակերպման, ինչպէս նաեւ Մերձաւոր Արեւելքի եկեղեցիներու խորհրդաժողովին ստեղծման գործին մէջ։ Դիտորդի կարգավիճակով մասնակցած է Վատիկանի Բ. ժողովի երեք յաջորդական նիստերուն (1963-65) եւ Անգլիկան եկեղեցւոյ Լամբեթի համաժողովին (1968)։ ԵՀԽ-ի մէջ վարած է շարք մը պատասխանատու պաշտօններ, 1968-ին ընտրուած է ԵՀԽ Կեդրոնական եւ Գործադիր վարչութիւններու անդամ, իսկ 1975-ին Նայրոպիի (Քենիա) համաժողովին՝ փոխատենապետ:
1976-1977 թուականներուն Լիբանանի մէջ բռնկած քաղաքացիական պատերազմի տարիներուն, մեծ դեր ունեցած է լիբանանահայութեան օժանդակելու գործին մէջ։
Կիլիկիոյ Կաթողիկոսութեան իր գահակալութեան 18 տարիներուն ընթացքին, Գարեգին Բ. Կաթողիկոս Սարգիսեան մեծ զարկ տուած է Անթիլիասի ազգային-կրօնական, մշակութային եւ շինարարական մարզերուն աշխուժացման: Ան հաստատած է Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքը, Դպրեվանքը Անթիլիասէն փոխադրած է Պիքֆայա, նոր շէնքերով ընդարձակելով եւ արդիականացնելով զայն:
Գարեգին Բ.ի օրով Անթիլիասի տպարանը ապրած է ծաղկումի շրջան մը: Աւանդաբար, տարեկան կազմակերպուած են գիրքի ցուցահանդէսներ: Հիմնած է հայ մայրապետներու Գայեանեաց միաբանութիւնը: Վերակառուցուած են Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարն ու Նահատակաց Մատուռը: Կառուցուած եւ գրեթէ աւարտին հասած է Կաթողիկոսարանի թանգարան-մատենադարանը:[3]
Կաթողիկոսութեան շրջանին հովուապետական այցելութիւններ կատարած է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան թեմեր, միջ-եկեղեցական շրջանակներուն մէջ հանդիպումներ ունեցած է քոյր եկեղեցիներու հովուապետերուն հետ։ Բազմիցս գտնուած է Մայր աթոռ Ս. Էջմիածինի մէջ։
7 Դեկտեմբեր 1988-ին Սպիտակի երկրաշարժէն ետք Գարեգին Բ. կաթողիկոս Ամենայն հայոց կաթողիկոս Վազգէն Ա. Պալճեանի հետ իր մասնակցութիւնը բերած է աղէտի գօտիի բնակավայրերուն վերականգնման եւ կազմակերպած՝ սփիւռքէն օգնութիւն։
1995-ին ընտրուելով Ամենայն հայոց կաթողիկոս՝ իր ջանքերը ուղղած է եկեղեցական կեանքի ներքին կարգաւորման ու կազմակերպման, մասնաւորապէս՝ Էջմիածինի հոգեւոր ճեմարանի գործունէութեան վերաշխուժացման, Քրիստոնէական դաստիարակութեան եւ քարոզչութեան կեդնտրոնի ստեղծման, քրիստոնէական քարոզչութեան հանրամատչելի ծրագիրերու մշակման, եկեղեցիներու ու վանքերու նորոգման, ընկերային բնոյթի կառոյցներու ստեղծման, աստուածաբանական, հոգեւոր եւ հայագիտական գիրքերու հրատարակման։
Հայ եկեղեցւոյ աշխատանքը աւելի նպատակաուղղուած դարձնելու նախանձախնդրութեամբ վերափոխած է Հայաստանի թեմական կառոյցը։
1996-ին հայաստանեան նախկին 4 թեմերուն փոխարէն՝ ստեղծուած են 8 թեմեր, հիմնուած են նաեւ Ուքրնիոյ եւ Հարաւային Ռուսաստանի թեմերը։
Աեպտեմբեր 1997-ին՝ 80-ամեայ ընդմիջումէ ետք, վերաբացուած է Գէորգեան հոգեւոր ճեմարանի հիմնովին վերանորոգուած շէնքը, ուսանողներու համար նոր հանրակացարանի շինարարութիւնը սկսած է։
Այդ շրջանին բազմապատկուած է նաեւ ճեմարանի սաներուն թիւը, հասնելով շուրջ 120-ի։
Կեանքի կոչուած է Վազգէն Ա.-ի ծրագիրը Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցւոյ կողքին, վերակառուցուած շէնքին մէջ հաստատուած է Ս. Մեսրոպ Մաշտոցի անուան դպրատունը, որ դարձած է գիտական եւ մշակութային կարեւոր կեդրոն մը։
Գահակալութեան կարճ ժամանակահատուածին ընթացքին, Գարեգին Ա. կաթողիկոս հովուապետական այցելութիւններ կատարած է Հայ եկեղեցւոյ թեմերուն եւ Կ. Պոլսոյ հայոց պատրիարքարան, նոր թափ տուած է Մայր աթոռ Ս. Էջմիածինի էքիւմէնիք գործունէութեան, պաշտօնական հանդիպումներ ունեցած է քոյր եկեղեցիներու հովուապետներու հետ, Մայր աթոռին մէջ ընդունած է շարք մը եկեղեցական եւ էքիւմէնիք պատուիրակութիւններ։
Հայաստանի մէջ քրիստոնէութիւնը պետական կրօն հռչակելու 1700-ամեակի հանդիսութիւններու ծիրին մէջ, Վեհափառ Հայրապետին ձեռամբ, 7 Ապրիլ 1997-ին կատարուած է Երեւանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարին (Երեւան) հիմնարկէքը։
Կաթողիկոսական գահին Գարեգին Ա.-ի կը յաջորդէ Գարեգին Բ. Ոսկեհատցին։
Երկերը
ԽմբագրելՀեղինակ է հայերէն, անգլերէն, գերմաներէն, ֆրանսերէն եւ արաբերէն լեզուներով աստուածաբանական, հայագիտական, փիլիսոփայական, բարոյագիտական եւ գրական բազմաթիւ ուսումնասիրութիւններու եւ յօդուածներու, ինչպէս օրինակ՝
- Հայաստանեաց եկեղեցին իր ծառայական կերպին մէջ (Անթիլիաս, 1955)
- Հաղորդութիւն սրբոց (Պէյրութ, 1957)
- Արեւելեան ուղղափառ եկեղեցիներու վկայութիւնը, Անթիլիաս, 1968։
- A Brief Introduction of Armenian Christian Literature, (Լոնտոն, 1964)
- The Council of Chalcedon and the Armenian Church (Լոնտոն, SPCK, 1965)
- The Witness of Oriental Orthodox Churches (Անթիլիաս, 1968)
- Կոմիտաս վարդապետ հայ երաժշտութեան առաքեալը (Պէյրութ, 1969)
- The Armenian Church in Contemporary Times (Նիւ Եորք, 1970)
- Հայ եկեղեցին այժմ, Նիւ Եորք, 1970։
- Իրանը եւ հայերը, Թեհրան, 1971։
- Հայկական քրիստոնէական աւանդոյթը Իրանի մէջ, Նոր Ջուղա, 1974։
- The Council of Chalcedon and the Armenian Church. Armenian Prelacy, New York 1975.
- Heroic Posterity (Նիւ Եորք, 1975)
- Faith, Hope, Love (1977)
- Սիրոյ հրամայականը (Պէյրութ, առանձնատիպ, 1977)
- Ձեռնարկ հովուական աստուածաբանութեան (Անթիլիաս, 1979)
- Մեղքը (Պէյրութ, 1979)
- Մեծ Պահքը երրեակ իմաստով (Պէյրութ, 1979)
- Հայ գիրքը ՝ պարտքը հայուն (Պէյրութ, 1980)
- Նահատակութիւն Քառասնից Մանկանց (Պէյրութ, 1981)
- Ծանի՜ր զքեզ (Անթիլիաս, 1983)
- Խորհէ եւ մտիր (Անթիլիաս, 1984)
- Անցեալը անցած չէ (Անթիլիաս, 1985)
- Հրաշք Տաթեւի, թափօր լերան լանջերուն (Անթիլիաս, 1989)
- The Cross Made of the Cedars of Lebanon (Անթիլիաս, 1989)
- Անժամանակը ժամանակին մէջ (Անթիլիաս, 1989)
- Հայ մարդը հայ գիրքին դիմաց (Անթիլիաս, 1990)
- Հին արմատներէն ընձիւղումներ (Պէյրութ, 1990)
- No Fiction (Անթիլիաս, 1990)
- Հող, մարդ եւ գիր (Անթիլիաս, 1991)
- In Search of Spiritual Life (Անթիլիաս, 1991)
- Հոգեւոր կեանքի փնտռտուքի մէջ, Անթիլիաս, 1991)
- Վասն հայրենեաց... (Անթիլիաս, 1992)
- Ես յաղթեցի աշխարհի-յարութիւն եւ հայութեան (Անթիլիաս, 1993)
- Յարութիւն հայութեան, Անթիլիաս, 1993։
- 1700 ամեակի նոր հոգեգալուստը (Անթիլիաս, 1994)
- The Bible in the Armenian Christian Tradition, (Անթիլիաս, 1995)
- Արեան վկայութիւն (Սրբ. էջմիածին, 1995)
- Բեթղեհեմի աստղին լոյսը (Սրբ. էջմիածին, 1995)
- Ձեռնարկ հովուական աստուածաբանութեան, Ս. Էջմիածին, 1995։
- Դարձ դէպի հոգեւոր աւանդները (Սրբ. էջմիածին, 1996)
- Ս. Միւռոնը առընչել կեանքին (Սրբ. էջմիածին, 1996)
- Միւռոնուած ժողովուրդ (Սրբ. Էջմիածին, 1996)
- Challenge to Renewal (Նիւ Եորք, 1996)
- Etchmiadzin Is Mission, (կլենտէյլ, 1996)
- Ձեռնարկ վարդապետական աստուածաբանութեան
- Ձեռնարկ Ընդհանուր եկեղեցւոյ պատմութեան
- Ձեռնարկ քրիստոնէական բարոյագիտութեան
- La Recherche de la Spiritualite (Փարիզ, 1997)
- Via Crucis (Հռոմ, 1997)
- Յարութիւն եւ Հայութիւն (Սրբ. էջմիածին, 1997)
- Հոգեմտաւոր ճառագայթումներ (Սրբ. էջմիածին, 1997)
- Մաշտոցաշունչ (Սրբ. էջմիածին, 1998)
- Մի օր Ղարաբաղում (Սրբ. էջմիածին, 1998)
- Խոհեր եւ յորդորներ (Սրբ. էջմիածին, 1998)
- Ecumenical Trends in the Armenian Church (Սրբ. էջմիածին, 1998)
- Love, Prayer and Hope (Մոնթրէալ, 1998)
- ... And the Boat Moves on the Waters (Նիւ Եորք, 1998)
- Ընտրանի ասոյթների եւ պատգամների (Սրբ. էջմիածին, 1999)
- Զրոյցներ Ճիովաննի Գուայտայի հետ (Սրբ. Էջմիածին, 2001)
- Գարեգին Սարգիսեան, Քաղկեդոնի ժողովը եւ Հայոց Եկեղեցին, Գարեգին Ա. Կրօնական, Աստուածաբանական եւ Հայագիտական Մատենաշար Թիւ 12, Նոր-Եորք, Լոնտոն, 2012։
Աղբիւրներ
Խմբագրել- Հայկազեան Հայագիտական Հանդէս, Հատոր ԺԹ., Պէրութ, 1999, էջ 441-442